«Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև ձևավորված հակամարտությունը, ինչպես հայտնի է, աչքի է ընկնում ամբողջ աշխարհում, թերևս ոչ միայն ֆուտբոլային ասպարեզում: Այս երկու գերակումբներն ունեցել են պատմական բազմապիսի իրողություններ, որոնց հետ հաշտվում են շատերը, իսկ մնացածը՝ ոչ, բայց դրանից գրեթե ոչինչ չի փոխվում՝ չհաշված ինքնաբավարարումը:
Այս դիմակայության հիմքում մերթ ընկնում է Իսպանիա - Կատալոնիա քաղաքական բախումը, մերթ «Ռեալ» - «Բարսելոնա» հակամարտություն կոչվածը: Բայց սա ունի և´ իր դրական, և´ բացասական կողմերը: Ինչպես վաղուց է ասված, ֆուտբոլը սպորտաձև է, բայց ահա այն չի սահմանափակվում սոսկ սպորտային ասպարեզով. այն ելնում է իր ափերից ու գրավում ամեն ինչ, ինչպես վայրագ գետն է վարվում ապառաժների հետ: Ահա այս տեսանկյունից, կարելի է ասել, լավ է ունենալ այսպիսի դիմակայություն, սակայն այն երբեմն վերածվում է իսկական աննորմալության, խելագար ու հիվանդ պահվածքի: Սա հիմնականում վերաբերում է երկրպագուներին, որոնք, իբրև սիրելով իրենց թիմը, հիմնականում ոչ թե երկրպագում են, այլ պախարակում հակառակորդ թիմին, իսկ դա երկրպագել, հիրավի, չի կոչվում:
Կատալոնական ակումբը, բոլորին է հայտնի, վերջին տարիներին ապրում է խորը վերելք՝ նոր հենասյուն դնելով համաշխարհային ֆուտբոլում: Սակայն, ինչպես շատ դեպքերում են ասում, «Բարսելոնան» դարձել է նորաձևություն, ավելի կոպիտ՝ մոդա: Ահա սա է, որ խանգարում է կատալոնական թիմի որոշ երկրպագուներին՝ հասկանալու, թե ինչ է ֆուտբոլը, այն ինչպես են նայում ու ինչպես պիտի «ուտեն»՝ հեղձամահ չլինելու համար: Ուրեմն ստացվում է այսպես՝ կատալոնական թիմին երկրպագում են մե´կ ֆուտբոլն իսկապես գնահատողները, գեղեցիկ խաղ վայելողները, մե´կ իրենց՝ մոդայի վերջին բարձրակետը համարողները, մե´կ պարզապես երկրպագուները, որոնք ուղղակիորեն համակրում են այս թիմին: Մոդայի կողմնակիցներին պատասխանեմ Կասիլյասի խոսքերով՝ ««Բարսելոնան» մոդա է, իսկ մոդան անցողիկ է»: Իսկ իրական երկրպագուներին, որոնք իրոք հավակնում են այս ակումբին, ցանկանում եմ, որ հաջողությունն ուղեկցի իրենց, շարունակեն երկրպագել իրենց սիրելի թիմին ու մնան իրական երկրպագուներ:
Ահա այս մի հատկանիշն է, որ «Ռեալի» մոտ բացակայում է. թիմն ունի բազմապիսի երկրպագուներ(երևի անգամ արվամոլներ), բայց չունի այնպիսի երկրպագուներ, որոնք մոդայիկ համարեն «Ռեալն» ու, հայրիկի, մայրիկի, հորեղբոր կամ թե ուսուցչի խոսքից դրդված, «սիրեն» այս ակումբը: «Ռեալն» իր զգացական դաշտով, ոգեշնչանքով, աննկարագրելի զգացողություններով առանձնանում է ոչ միայն ֆուտբոլային մյուս թիմերից, այլև ընդհանրապես: Թիմը միայն ֆուտբոլային չէ. «Ռեալն» ապրելակերպ է... Բացառիկ ակումբ, որ հանդիսացավ մույթ՝ համաշխարհային մասշտաբով, որ վայելում է մեծ ժողովրդայնություն, որ հայտնի է, սիրված, ճանաչված: Այսպես է ասված՝ ««Ռեալը» միշտ վերադառնում է՝ պատմությունը նորից ոսկե տառերով գրելու»: Սա պարզապես ասված չէ. սա ակումբի բնութագիրն է, միշտ հաղթանակների ձգտող ակումբի, ուր միշտ խաղում են հաղթողները: Լավագույն ակումբը՝ մի աբողջ դարաշրջանի. արդյոք սա հերիք չէ՞, որ հակադարձես այն բյուր բազմությանը, որ ասում է՝ «Ռեալը» ակումբ չէ... Յուրաքանչյուրը, անկախ ունեցած դիրքից, սեռից, ազգությունից, ունի նաև մտավոր կարողություններ, որոնք, եթե ոչ միշտ, ապա ժամանակ առ ժամանակ արժե օգտագործել ու ապավինել վերջիններիս:
Առջևում Էլ Կլասիկոն է՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»-ն: Առջևում հերթական առճակատումն է աշխարհի ամենաուժեղների միջև: Ի հավելումն՝ ցանկանում եմ բոլորիդ խելացի դատողություն, ֆուտբոլային հոտառություն ու, այսպես ասած, թացը չորից տարբերելու կարողություն. թե´ «Բարսելոնան», թե´ «Ռեալը» հրաշալի թիմեր են, կարելի է ասել՝ անկրկնելի՝ իհարկե յուր հատկանիշներով: Երկու թիմերի ֆուտբոլիստներն են ուղղակի վարպետներ են, որոնց մի ակնթարթ է պետք՝ ամբողջ 90 րոպեն որոշիչ դարձնելու համար:
Կատալոնյան կրքերն ընդդեմ մադրիդյան ազնվայրության... Ո՞վ է հաղթելու... Թող հաղթի ուժեղագույնը...
Realmadrid.am
Author:
Harutyun Grigoryan
Genre:
Rating
Posted by Harutyun Grigoryan
Posted on

